Արցախի նախագահը հայտնում է՝ Հադրութում իրավիճակն ամբողջությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Հադրութում իրավիճակն այս պահին ամբողջությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:

«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ», - գրել է Հարությունյանը:

Արցախի նախագահը նշել է, որ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսի վաղը՝ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանի ասուլիսն այսօր արդեն երկու անգամ հետաձգվել է:

Այսօր ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հայտարարել է, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, ինչը Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը հերթական կեղծիք է որակել։