Պաշտոնական Աթենքը ողջունում է հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն, որպեսզի ապահովվի խաղաղ կարգավորումը», - ասվում է Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին կտրուկ սրվել էին Բաքվի և Աթենքի հարաբերությունները: Ադրբեջանի իշխանությունները Հունաստանին մեղադրել էին «հաքերային հարձակումների», երկրի տարածքում «զինյալների ներկայությունը հանդուրժելու» համար: Հունաստանի կառավարությունը, անհիմն որակելով այդ պնդումները, հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին և պաշտոնական բողոքի նոտա փոխանցել Բաքվին: Ադրբեջանի իշխանությունները ի պատասխան իրենց դեսպանին են հետ կանչել Աթենքից:
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: