Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը նախաձեռնել է ներկայացումներ Արցախից եկած երեխաների համար

Տիկնիկային ներկայացում, արխիվ

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնն առաջիններից էր, որ նախաձեռնեց Երևանում իրենց ընտանիքների հետ ապաստանած երեխաներին բացի նյութական օգնությունից, նաև մանկական ներկայացումների շնորհիվ փոքր-ինչ կտրել այն իրականությունից, սթրեսից, որ ապրել էին նրանք այս վերջին օրերին Արցախում բռնկված պատերազմի հետևանքով:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նշեց՝ պատերազմը ահավոր բան է, և այն առաջին հերթին ծանր հետևանքներ է թողնում երեխաների վրա: Իրենց նպատակն է մանկական գունեղ և ուրախ ներկայացումներով ինչ-որ չափով մեղմել նրանց հոգեվիճակը:

«Մենք կապի մեջ ենք տարբեր կազմակերպությունների հետ, որոնք այդ երեխաներով են զբաղվում: Իրենք չպետք է զրկված լինեն այս ամեն ինչից, և մենք կյանքը չպետք է կանգնացնեն ոչ մի րոպե: Մենք պետք է աշխատենք, մենք պետք է սովորենք, մենք պետք է կրթություն տանք: Միայն ու միայն կրթված հասարակություն ունեցող պետությունը ունի ապագա, մեր ուժը դրա մեջ է, մենք մարդկային այդքան մեծ ռեսուրս չունենք, ուրեմն մենք ունենք ուրիշ ուժ, դա մեր ինտելեկտն է, մեր կրթությունն է, և մենք իրավունք չունենք մեկ վայրկյանով նույնիսկ կանգնացնել այդ պրոցեսը», - ասաց Բաբայանը:

Իսկ ընդհանուր առմամբ, Ռուբեն Բաբայանի համոզմամբ, արցախյան այս վերջին պատերազմի բռնկումից ի վեր ամենակարևորը համընդհանուր համախմբվածությունն է Հայաստանում և Արցախում, որտեղ յուրաքանչյուրն իր գործն է անում, և այս դեպքում արդյունքը սպասեցնել չի տալիս:

«Հիացած եմ մեր ժողովրդի միասնականությամբ բոլոր օղակներով, որովհետև և՛ թիկունքն է հրաշալի աշխատում, և՛ առաջնագիծը, և՛ սփյուռքը: Ամեն տեղ պահանջվում է մեծ աշխատանք», - ընդգծեց թատրոնի տնօրենը: