ՏԱՍՍ-ը մանրամասներ է ներկայացնում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների բանակցությունների վերաբերյալ

Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը որոշ մանրամասներ է ներկայացնում նախօրեին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տասը ժամ տևած բանակցությունների վերաբերյալ:

«Երկխոսությունը տեղի է ունեցել լարված մթնոլորտում։ Նախարարները հազիվ էին հասցրել նստել բանակցությունների սեղանի շուրջ, երբ լրատվամիջոցներում սկսեցին ակտիվորեն հայտնվել լուրեր ռազմական գործողությունների գոտում երկու կողմերի հրետակոծությունների մասին։ Բառացիորեն նույն պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին է դիմել ուղերձով` հնչեցնելով մի շարք բարձրագոչ հայտարարություններ, որոնք հստակորեն սրում էին դիվանագետների իրավիճակը և բարդացնում նրանց առջև դրված խնդիրը», - նկարագրում է ՏԱՍՍ-ը:

Գործակալությունը նշում է, որ ենթադրվում էր՝ դիվանագետները հանդիպումը կսկսեն ավանդական բացման խոսքով, սակայն որոշվեց չեղարկել այդ մասը և մնալ փակ դռների ետևում։ Արարողակարգային նկարահանումներին էլ ներկա էին միայն անձնական լուսանկարիչներն ու օպերատորները, որոնց ընդամենը մի քանի վայրկյան ժամանակ էր տրվել: