Հոկտեմբերի 8-ի գիշերը 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հեռախոսազրույցը։
Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Մնացականյանը Մայիլյանին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերի շուրջ:
Կեսգիշերին մոտ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի կոչը՝ մարդասիրական նպատակներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար:
Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում էր` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ: