Արցախի թատրոնը Գյուրիում ներկայացումներ է խաղում արցախցի փոքրիկների համար

Օրեր առաջ հրթիռակոծության հետևանքով ավերված Շուշիի մշակույթի տանը գործող թատրոնի անձնակազմն Արցախից Գյումրի տեղափոխված փոքրիկների համար ներկայացում է բեմադրել։

Թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանի խոսքով՝ իրենք էլ այսպես են պայքարում պատերազմում։

«Զինվորը սահմանին է պայքարում, ուսուցիչը երեխաներին կրթելով է պայքարում, արվեստագետն էլ այսպես է պայքարում, սա էլ մեր պայքարելու ձևն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Գյումրիի խանութներից գտել են տիկնիկներ ու հարմարեցրել հեքիաթին, ասում են՝ իրենց փոքրիկ հանդիսատեսին այս օրերին մենակ թողնելու իրավունք չունեն։

«Պետք չէ հատկապես հիմա մանուկ հանդիսատեսին առանց հեքիաթի թողնել, որովհետև հիմա առավել քան երբեք երեխաներն այդ հեքիաթի կարիքն ունեն», - ասաց թատրոնի տնօրենը՝ շարունակելով․ - «Բոլոր աշխատակից տղաները, տղա դերասանները հիմա առաջնագծում են, և մենք այսօր իրենց փոխարեն էլ պետք է խաղաղանք»։

Աշխեն Հարությունյանը հրթիռակոծված Շուշին նկարներով է տեսել, ասում է ժամանակին ավերված Արցախի մշակութային մայրաքաղաքն իր աչքի առաջ է վերականգնվել։ Նա հույս ունի, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո քաղաքն ավելի արագ կվերականգնվի։

Թատրոնի տնօրենը Ստեփանակերտից քրոջ դստերը՝ Դիաննային է իր հետ Գյումրի բերել, որ բացակա դերասաններին փոխարինի։

«Պիտի չընկճվենք, պիտի առաջ գնանք ու մարդկանց ցուցադրենք, որ թետրոնը եթե ավերվել է, դա վերջը չի, ինքը կշարունակի իր գոյությունը թեկուզ և այստեղ», - ասաց երիտասարդ դերասանուհին։

18-ամյա Դիաննայի խոսքով՝ թեև Գյումրիում նույնիսկ ուսումը շարունակելու հնարավորություն են տվել, բայց ինքը մի ցանկություն ունի՝ հնարավորինս շուտ վերադառնալ Ստեփանակերտ։ «Ես այստեղ գնում եմ դասի, ես ինստիտուտում եմ սովորում՝ ինտերիերի դիզայն, ով գալիս է ասում է՝ «դե կմնաս էստեղ, էստեղ կավարտես», ասում եմ՝ «չէ, մեր մոտ ավելի լավ ա»։