Շուրջ 400 արցախցի ընտանիք ապաստանել է Չարենցավանում

Գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Չարենցավան քաղաքում 400-ից ավելի արցախցի ընտանիք է ապաստանել։

Նախկինում գործարանային այս բանավանի բնակիչների ճնշող մեծամասնությունը Խորհրդային միությունից հետո արտագնա աշխատանքով է ապրում։ Քիչ չեն նաև այնպիսի ընտանիքներ, որ թեև վարձով են ապրում, բայց իրենց հարկի տակ են ընդունել հրթիռակոծությունից փախած արցախցիների։

Օրինակ, 22-ամյա Ռոզան ու իր ամուսինը երկու մանկահասակ երեխաների հետ տեղավորվել են տան մի սնեյակում, մյուսները զիջել արցախից եկած կանանց, ծերերին ու երեխաներին։ Պատերազմի առաջին օրերին 46 հոգի էին տեղավորել իրենց վարձակալած բնակարանում, իսկ հիմա՝ 21։ Տանտերը դեմ չէ, անգամ հրաժարվել է այս ամսվա վճարից, բայց համայքնապետարանն փոխհատուցել է։

Չորսսենյականոց այս բնակարանում ժամանակավոր ապաստան գտած ընտանիքների տղամարդիկ առաջնագծում են, կանանց ու երեխաներին էլ համոզելով են Չարենցավան ուղարկել՝ խոստանալով, որ շուտ են տուն վերադառնալու։

18-ամյա Լիանան երկրորդ երեխային է սպասում։ Ամեն վայրկյան առաջնագծում կռվող ամուսնուց լավ լուրի սպասող երիտասարդ կինը խոսելու սիրտ չունի։ Երեխայի սեռն արդեն գիտեն, ամուսնու մորաքրոջ պատվին կանվանակոչեն։

Այս տանն է ապրում նաև 8 երեխաների մայր, 40-ամյա Մարիամ Օհանյանը։ Ամուսինն ու ավագ որդին առաջնագծում են։ Տանից դուրս են եկել միայն հագներին եղած հագուստով։ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ գյուղից դուրս չի եկել, այս մեկն, ասաց, ուրիշ է՝ հրթիռակոծում են, բայց միևնույն է, Արցախից դուրս ապրել չի ուզում․ - «Հենց հիմա էլ որ զանգեն, ասեն պատերազմն ավարտված ա, ոտով էլ էղնի, կեթամ»։

64-ամյա Ռոզա Ամիրյանի 28 թոռն ու 12 ծոռը Արցախում են ծնվել։ Ասաց, որ մյուսներն էլ են այնտեղ ծնվելու, որովհետև իրենք հետ են գնալու։ Որդիներն ու թոռներն առաջնագծում են։ Երազանքը տուն գնալն է, անգամ եթե այն ավերված լինի․ - «Թող տունը չէղնի, դատարկ էղնի, բայց գնամ իմ տուն»։

Չարենցավանցի Ռոզայի սկեսուրն էլ է առաջնագծում, բուժքույր է։ Այս տանն ապաստան գտած բոլոր ընտանիքները ամեն րոպե առաջնագծից լավ լուրի սպասելով են լուսացնում։

Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Մուրադյանն ասում է, որ այսպիսի ընտանիքներին պետության ու համայնքի օգնությունից զատ, նաև կամավորներն ու հենց բնակիչներն են օգնում։ Չարենցավանում բնիկ թալիշցիները շատ են։ Ապրիլյան քառօրյային էլ քաղաքը շուրջ 100 արցախցու էր ընդունել։ Ասում է, որ ամեն օր զանգ են ստանում բնակիչներից ու տեղի ձեռներեցներից՝ «ինչո՞վ օգնենք, մեր տանը քանի՞ մարդ տեղավորենք»․ - «Կան դրսից մարդիկ, որ ունեն ազատ բնակարաններ, իրենց բարեկամների միջոցով փոխանցում են ինֆորմացիան, էդտեղ տեղավորում ենք։ Մեզ օգնում են շատ հանգստյան տներ, Աղվերանի գոտուց հատկապես։ Ձեռներեցներն էլ ձեռք մեկնել։ Չեմ ուզում անհատական ինչ-որ դեպքեր ասեմ, որովհետև դա շատ համատարած բնույթ է կրում»։

Հարսի, տարեց ամուսնու ու թոռների հետ Չարենցավան է տեղափխովել նաև 64-ամյա տիկին Շուշիկը։ Բնակարանի տերն արտերկրում է, ասել է՝ ապրեք ինչքան սրտներդ ուզում է, վճարելու մասին չմտածեք։ 7 երեխա ու 32 թոռ ունեցող տիկին Շուշիկի մտածմունքը մեկն է՝ որ շուտ ապաքինվի հոսպիտալում գտնվող վիրավոր որդին։ Տիկին Շուշիկը վստահ է, որ աղոթքները նաև առաջնագծում գտնվող որդիններին ու թոռներին է արկերից հեռու պահելու։

Չարենցավանում ապաստանած տարեցները պատմում են, որ ադրբեջանցիների հետ ժամանակին համերաշխ են ապրել, հարևանություն արել, հիմա նույնն այլևս չեն պատկերացնում։ Երկու կողմում էլ շատ արյուն է թափվել։