Ջեյհուն Բայրամովն այսօր հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն այսօր Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ամերիկացի Էնդրյու Շոֆերի, ռուսաստանցի Իգոր Պոպովի և ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիի հետ:

Այդ հանդիպման մասին նախօրեին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Նա ասել է, որ գալիք երկուշաբթի օրը բանակցություններ տեղի կունենան նաև Մոսկվայում:

Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ «Ազատությանը» փոխանցել է, որ Զոհրաբ Մնացականյանը մտադիր չէ մեկնել Ժնև և միաժամանակ հաստատել է, որ նախարարը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա:

«Բայրամովի այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և մյուս կողմին հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրությունում:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն արդեն հասել է Ժնև: