Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական Զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Առավոտյան 6:30 հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի, շարունակում է Շուշան Ստեփանյանը:
«Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա», - նաև գրում է ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում:
Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար, նշում է Ստեփանյանը:
Ադրբեջանական կողմը շարունակում է չբացահայտել իր ռազմական կորուստները, հաղորդում է միայն քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին:
Երկու օր առաջ պաշտոնական Բաքուն պնդել էր, թե գրավել է Ջեբրայիլը (նաև՝ Ջաբրայիլ), ինչը հայկական կողմը հերքեց: