Հայկական կողմը հերքում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հրթիռակոծման մասին Ադրբեջանի պնդումը

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, արխիվ

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն», - ընդգծում է Շուշան Ստեփանյանը:


Արցախի նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը, իր հերթին, նույն սոցիալական ցանցում գրում է. - «Եթե Պաշտպանության բանակը ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին անվրեպ կխոցեր։ Նման նպատակ չունենք, մեզ այն սարքին է պետք»:

Նա այդ պնդումները որակում է «պրիմիտիվ սուտ», որով ադրբեջանցիները փորձում են շարժել նավթամուղի ծրագրում ներդրում կատարած միջազգային խոշոր կազմակերպությունների վրդովմունքը՝ «չհասկանալով, որ այդ կառույցներն ավելի հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեն»։

Գիշերը Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում գրել էր, թե «Հայաստանը կասետային հրթիռ է արձակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ», որն իբր վայր է ընկել Եվլախի շրջանի մերձակայքում՝ խողովակաշարից 10 մետր հեռու, նավթամուղը չի վնասվել: