Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել ի աջակցություն խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի:
Օրերս Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (ASAM) թերթերում հայտարարություն էր տարածել՝ Փայլանին անվանելով «դավաճան» և «ահաբեկչական խմբավորմանն աջակցող կուսակցության ներկայացուցիչ»: Կազմակերպությունը կոչ էր արել դատական համակարգին և խորհրդարանին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրա դեմ»:
Հայազգի պատգամավորը թիրախավորվել էր Արցախում ընթացող պատերազմական վիճակի վերաբերյալ խաղաղասիրական կոչեր անելու համար: Ի պատասխան իր հասցեին հնչող սպառնալիքների՝ Փայլանը հայտարարել էր. «Ինչ էլ որ անեն, ես ու ընկերներս շարունակելու ենք խաղաղություն գոչել: Որովհետև պատերազմը չունի հաղթող, իսկ խաղաղությունը՝ պարտվող»:
Փայլանին աջակցություն հայտնող ստորագրահավաքին հարյուրավոր մարդիկ են միացել: «Պատգամավոր Գարո Փայլանն իր կարծիքը բարձրաձայնելու համար ատելության խոսքի թիրախ է դարձել, հայտարարվել է թշնամի։ Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչ աղետների ու ավերածությունների են հանգեցնում նման թիրախավորումները: Այդ պատճառով էլ բոլորս միասին ընդգծում ենք՝ Գարո Փայլանը մենակ չէ», - ասված է ստորագրահավաքի տեքստում։