Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ է անում Թուրքիային զերծ մնալ գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։
Ստրասբուրգյան դատարանը հարցին անդրադարձել է Հայաստանի կառավարության պահանջով։ Պաշտոնական Երևանը անցած շաբաթ գանգատ էր ներկայացրել՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Անկարայի նկատմամբ՝ «հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող հարձակումներին, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով»։
Դատարանը, փաստացի, բավարարել է պահանջը, կիրառելով միջանկյալ միջոց, որը կիրառվում է, երբ առկա է անվերադարձ վնասի անխուսափելի վտանգ։
Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։