Գորիսի փոքրիկ հյուրանոցն ամեն առավոտ արթնանում է արցախցի Արամի ձայնից՝ հերթով բոլորի դռները թակում ու նախաճաշի է հրավիրում:
Պատերազմից օրեր անց նորակառույց հյուրանոցը լցվեց ռմբակոծությունից ու հրթիռակոծությունից փախած երեխաներով ու կանանցով: Գայանեն Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից է, երեխաների հետ երեք օր նկուղում էին պատսպարվել՝ մինչև որ հրթիռները հասան իրենց բակ:
«Ահավոր վիճակ էր, լայն շառավղով ողջ տարածքը հայելու պես սաղ սրբել էր», - ասաց նա:
Գայանեն ինքն էլ նկուղներում է մեծացել, բայց ասում է՝ նման բան ոչ 90-ականներին է տեսել, ոչ էլ ապրիլյան պատերազմին: Այն ժամանակ ադրբեջանցիների կռիվը սահմանին էր, ոչ թե խաղաղ բնակիչների հետ, նշեց Գայանեն՝ շարունակելով. «Այս անգամ արդեն թիրախավորում էին խաղաղ բնակչությանը: Էն անգամ, որ դիրքերում կռվում էին, հասկանում են, որ պատերազմը սահմանում է, քեզ վտանգ չի սպառնում, հիմա արդեն օդային պատերազմ էր»:
Ամուսինն այժմ առաջնագծում է՝ երկու եղբայրների հետ, երբեմն զանգում է ու փորձում գոտեպնդել կնոջն ու երեխաներին, նույնն են փորձում անել նրա զանգին սպասողները:
10-ամյա Աշոտը հյուրանոցում նոր ընկերներ է գտել, բայց ուշքն ու միտքը Իվանյանն է, ուզում է այնտեղ ֆուտբոլ նայել։ Ի դեպ, «Չելսի»-ի խաղն էր նայում կիրակի՝ պատերազմի առաջին օրը, երբ ռումբերը Իվանյան հասան, հետո իմացավ՝ խաղի ոչ ոքի արդյունքը։ Եղբայրը՝ Արամը, խաղաղ Գորիսում էլ պատերազմի հրահանգներ է սերտում. «Բարև ձեզ, այստեղ թխում են, փախեք»:
Իվանյանի դպրոցո՞ւմ է լավ, թե՞ Գորիսի հյուրանոցում՝ Արամը միշտ դիվանագիտական պատասխան ունի. «Այո, հետո՝ ոչ»:
Գորիսում ապաստան գտած արցախցիներից՝ ստեփանակերտցի Անահիտ Սարգսյանը թոռների ու ծոռների հետ է այնտեղ, ասում է՝ «քրկարկուտից փախանք», դուստրը Ստեփանակերտի հոսպիտալում է, նույնիսկ զանգերին պատասխանել չի կարողանում:
Ամուսնուն ապաստարանում էլ թողել են, վերջին օրերին նրա հետ կապ հաստատել չեն կարողանում. «Էն ա մեր մարդն էլ պադվալում ա, զանգում ենք ո՛չ ձեն կա, ո՛չ ծպտուն կա, անհասանելի ա»:
Գիտի, որ ամուսնու եղբայրը արկի պայթյունից մահացել է՝ խաղաղ արցախցի, իր տան բակում, ոչ թե առաջնագծում:
«Տղան կամանդիր ա, չգիտի, որ իրա հերը մահացել ա», - ասաց Անահիտ Սարգսյանը:
Փոքրերի զվարթ ու ռազմաշունչ խաղերին մեծերն անհաղորդ են, հայկական կողմի զոհերի մասին տեղեկանում ու սգում են՝ բոլորը բոլորի երեխաներն են:
Ավերածությունները նրանց չեն անհանգստացնում, միայն այն, որ սև պատերազմը չի ավարտվում արդեն 30 տարի:
Սեփական տուն-տեղ թողած մարդիկ են՝ հյուրանոցի սեփականատերն իրենց գրկաբաց է ընդունել, ապահովում է ամեն ինչով: Ի դեպ, արցախցիները հյուրանոցի առաջին հյուրերն են: Գորիսից այս կողմ՝ դեպի Երևան շարժվելու ծրագրեր չունեն: