Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվորեն ներգրավվում են վարձկան զինյալներ՝ Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներից։
«Ըստ առկա տվյալների, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրայի», «Ֆիրքաթ Համզայի», «Սուլթան Մուրադի», ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների գրոհայինները տեղափոխվում են հակամարտության գոտի: Ավելին՝ մենք խոսում ենք հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին, որոնք փող աշխատելու ակնկալիքներ ունեն ղարաբաղյան նոր պատերազմում», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր հավաքատեղի, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարող պետություններ, ներառյալ՝ Ռուսաստան», - ընդգծել է Նարիշկինը:
Ֆրանսիան ևս հայտարարել է, թե ունի ստույգ տեղեկություններ, որ Թուրքիայից տեղափոխված սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին: Պաշտոնական Բաքուն ու Անկարան, սակայն, կտրականապես հերքում են այդ մեղադրանքները։