Բաշար Ասադը հաստատում է սիրիացի զինյալների՝ ղարաբաղյան պատերազմին մասնակցության փաստը։ Սիրիայի նախագահն այդ մասին նշեց ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում, որի տեսագրությունը հրապարակվել է այսօր առավոտյան։
«Ես հաստատապես կարող եմ ասել դա, բայց ոչ այն պատճառով, որ ապացույցներ ունեմ։ Երբեմն ապացույցներ չկան, բայց առկա են նշաններ», - պնդել է Ասադը։
Հիշեցնենք, որ խոսքը Սիրիայի հյուսիսային՝ Ասադի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններում գործող խմբավորումների զինյալների մասին է։ Նրանք, ըստ Ասադի, գործիք են հանդիսանում Թուրքիայի ձեռքում՝ տարածաշրջանի այս կամ այն հատվածը ապակայունացնելու փորձերի ընթացքում։
«Թուրքիան տարբեր երկրներից եկած այդ ահաբեկիչներին օգտագործեց Սիրիայում։ Հետագայում այդ նույն մեթոդը կիրառվեց Լիբիայում։ Նրանք այդ երկրում օգտագործեցին սիրիացի ահաբեկիչներին։ Ինքնին հասկանալի է և ավելի քան հավանական, որ [թուրքերը] նույնն են անում նաև Լեռնային Ղարաբաղում», - հայտարարել է Ասադը՝ պնդելով, թե հայ-ադրբեջանական հակամարտության գոտում նոր լարվածության ծագման մեղավորը հենց Թուրքիան է։
«Նրանք են, որ ստեղծել են այս խնդիրը, այս հակամարտությունը։ Թուրքերն են, որ խրախուսում են այդ հակամարտության թեժացումը։ Նրանք ուզում են ինչ-ինչ նպատակների հասնել և օգտագործում են նույն մեթոդները։ Այնպես, որ համոզված կարող ենք պնդել, որ թուրքերը սիրիացի և այլ երկրների ահաբեկիչներին օգտագործում են նաև Լեռնային Ղարաբաղում», - նշել է Ասադը։
Արևմտյան մամուլը ևս շարունակում է՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողություններին սիրիացիների մասնակցության վերաբերյալ փաստական տվյալներ հրապարակել։
Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսն այսօր իր կայքում ծավալուն մի հոդված է զետեղել, որի առաջին իսկ պարբերությունից պարզ է դառնում, թե ինչ ծանր կորուստներ են կրում Ադրբեջանի կողմից կռվող սիրիացիները Լեռնային Ղարաբաղում։
«Կիրակի վաղ առավոտյան ավելի քան 50 սիրիացիների մարմիններ վերադարձվեցին հայրենիք հուղարկավորության նպատակով մի երկրամասից, որի անունը նրանցից շատերը ամիսներ առաջ հազիվ թե լսած լինեին», - գրում է Foreign Policy-ի հոդվածագիրը՝ մանրամասնելով, - «Զոհվածները այն զինված խմբավորումների անդամներն էին, որոնք նախկինում մարտնչել էին Սիրիայում և Լիբիայում, այժմ էլ ահա Լեռնային Ղարաբաղում, մշտապես Թուրքիայի անունից»։
Հանդեսը նշում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակին» մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ 1500 զինյալներ վերատեղակայվել են ղարաբաղյան հակամարտության գոտում։ Հանդեսը հիշեցնում է, որ թուրքական բանակը սիրիացի զինյալներին սկսեց հավաքագրել մեկ տարի առաջ՝ լիբիական պատերազմում օգտագործելու նպատակով։ Հետագայում, ըստ Foreign Policy-ի, նրանք վերադարձվել են Սիրիա՝ սկսելով մարզվել Լեռնային Ղարաբաղ մեկնելուց առաջ։
«Զինյալներից ոմանք մարզումների համար ընդամենը հինգ օր են ունեցել», - գրում է ամերիկյան պարբերականը՝ նշելով, որ սիրիացի վարձկաններին հետագայում տեղափոխել են թուրքական Գազիանթեփ քաղաք, այնտեղից էլ Անկարայով ուղարկել Ադրբեջան։ Առաջին խումբն, ի դեպ, ըստ պարբերականի, Ադրբեջան է ժամանել ռազմական գործողություններից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին։ Այսօր արդեն՝ ժամանումից օրեր անց, սիրիացի զինյալներից շատերը զղջում են, որ համաձայնել են Ադրբեջան մեկնել։
«Այստեղ` Ադրբեջանում, տիրող վիճակից բոլոր մարտիկներն էլ դժգոհ են։ Մարտական ընկերներից մի քանիսի զոհվելուց հետո հոգեբանական վիճակը ծանր է», - Foreign Policy-ին է փոխանցել այս պահին ադրբեջանական Բարդա քաղաքի մերձակայքում գտնվող սիրիացի զինյալներից մեկը։
Մեկ այլ զինյալի խոսքով էլ Ադրբեջան մեկնելուց առաջ իրենց խոստացել էին, որ հսկելու են խողովակաշարի անվտանգությունը կամ էլ հերթապահություն են իրականացնելու շփման գծի երկայնքով։ Փոխարենը զինյալները միանգամից ներքաշվել են մարտերի մեջ՝ անգամ առանց ադրբեջանական ուժերի կողմից աջակցություն ստանալու։
«Մեր և ադրբեջանցի մարտիկների միջև գործողությունների համադրումը կամ փոխկապակցվածությունը բացակայում է», - ամերիկյան պարբերականին ասել է զինյալներից մեկը։
Մեկ այլ սիրիացի էլ պատմել է ծառայության ծանր պայմանների մասին։
«20-30 հոգով քնում ենք նույն վրանում և օրական երկու անգամ մարտական հերթապահության ենք կանգնում՝ վեցական ժամով», - նշել է սիրիացին։
Foreign Policy-ի տվյալներով՝ զոհված սիրիացիների մարմինների վերադարձը Աֆրին ծանր հոգեբանական մթնոլորտ է ստեղծել նաև Սիրիայի հյուսիսում։
«Մենք մեղադրում ենք Թուրքիայի իշխանություններին, որոնք օգտվում են մեր երիտասարդների աղքատությունից և նրանց մոտ փողի բացակայությունից», - զոհվածներից մեկի հարազատները ասել են ամերիկյանի հանդեսի թղթակցին։
«Սիրիական ազգային բանակի» զինյալներին, սակայն, հաստատ սուրբ չես անվանի», - նշում է Foreign Policy-ի հոդվածագիրը՝ ամփոփելով, - «Անցած ամիս ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցում տեղեկություններ էին զետեղվել Սիրիայում պատերազմի ժամանակ փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի և քրիստոնյաների դեմ այս խմբավորման զինյալների կողմից թույլ տրված հանցագործությունների մասին, որոնց թվում հիշատակվում էին առևանգումները, բռնաբարություններն ու դրամաշորթությունը», - գրում է ամերիկյան հանդեսը։