Էրդողանն է ղարաբաղյան հակամարտության գլխավոր նախաձեռնողը, պնդում է Ասադը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ

Սիրիայի նախագահը պնդել է՝ Թուրքիայի առաջնորդն է ղարաբաղյան հակամարտության գլխավոր նախաձեռնողը։
«Ռեջեփ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս Լեռնային Ղարաբաղում հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Բաշար ալ-Ասադը։ Նա վստահեցրել է՝ Դամասկոսը կարող է հաստատել, որ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից տարած ահաբեկիչներին: «Երբեմն ապացույցներ չկան, բայց կան դրանք մատնանշող փաստեր», - ասել է Սիրիայի նախագահը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն էր պնդել, թե Փարիզը հետախուզական ստույգ տվյալներ ունի, որ Անկարան Սիրիայի հյուսիսից՝ իր վերահսկողության տակ գտնվեղ տարածքներից վարձու զինյալների է տեղափոխում Ադրբեջան։
Պաշտոնական Բաքուն և Անկարան կտրականապես հերքում են այդ մեղադրանքները։