Արցախի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով, դեղորայքով, բժշկական սարքավորումներով և արյան պաշարներով, այսօր Գորիսում ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ընդգծելով՝ մատակարարումներն արվում են անխափան։
Միևնույն ժամանակ, Թորոսյանը մտահոգություն հայտնեց՝ Արցախի ամբողջությամբ մոբիլիզացված բժշկական համայնքը, ինչպես նաև նրանց օգնության մեկնած գործընկերները երբեմն զրկված են լինում մարդկանց օգնություն ցուցաբերելու հնարավորությունից, քանի որ Ստեփանակերտը և այլ քաղաքները գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ։ «Նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել։ Վերջին տեղեկություններով՝ առավոտյան ռմբակոծությունները կրկին վերսկսել են, օդային տագնապները տրվել են Ստեփանակերտի տարածքում, այստեղ շատ կարևոր է ծառայությունների անխափան աշխատումը քաղաքացիական բնակչության համար, որը պարզապես գրեթե անհնարին է դառնում նման ռմբակոծությունների արդյունքում», - ասաց նախարարը՝ չբացառելով, որ հարվածներ հասցվեն նաև հիվանդանոցներին․ - «Վերլուծելով հակառակորդի գործողությունները, երբ որ տարբերություն չի դրվում օբյեկտների նշանակության, հատկապես՝ հումանիտար նշանակության մեջ, պարզապես կարծում եմ, որ նրանք զերծ չեն մնա միգուցե նաև հիվանդանոցներին հարվածելուց, բայց մենք ունենք պահեստային պլաններ Արցախում գտնվող բոլոր հիվանդանոցների ծառայությունները կազմակերպելու համար»։
Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ Արցախում արդեն 19 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել՝ 80-ը, վնասվել է մոտ 2700 միավոր գույք ու ենթակառուցվածք։ Հայաստանում՝ Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորման հետևանքով 2 քաղաքացիական անձ է սպանվել։