Ընդամենը մի քանի ժամում 7 մլն դոլար է փոխանցվել «Հայաստան» հիմնադրամին

Ընդամենը վերջին մի քանի ժամվա ընթացքում մոտ 7 միլիոն դոլար է փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնեց․ - «Հովնանյան» հիմնադրամի նախագահ էդիլ Հովնանյանը 3 միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, նույնն արեց նաև «Մանուկյան» հիմնադրամի նախագահը՝ Քրիստին Սիմոնը և նույնպես 3 միլիոն դոլար փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Ալ․ Եսայանը և իր ընկերները Լոս Անջելեսում հավաքագրեցին 1 միլիոն դոլար` ընդամենը սա մի քանի ժամվա իրադարձություն է»։

«ՀԲԸՄ-ն ևս միացել է այս դրամահավաքին։ Երեկ խոսեցի ՀԲԸՄ խորհրդի հետ, որոշեցինք, որ եթե իրենց հաշվեհամարներին հավաքագրվի 5 միլիոն դոլար իրենց հետևորդներից, ապա իրենք մինչև 5 միլիոն դոլարը կկրկնապատկեն և, որպես բարի կամք, 1 միլիոն դոլարը միանգամից կփոխանցեն «Հայաստան» հիմնադրամին», - շարունակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը:

Արշամյանը, շնորհակալություն հայտնելով համայն հայությանը հիմնադրամին ցուցաբերած մեծ աջակցության համար, ընդգծեց․ - «Այս գումարները թիկունքի ամրապնդման համար են, այս գումարները մեր հաղթանակի համար են»։