Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետ

Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով ուշադրության արժանանում են միջազգային հանրության կողմից։ Գուցե նաև այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում են հայտնվել վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից», - նշել է Հայաստանի վարչապետը։

«Բիլդ» պարբերականի հարցին՝ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցչի հետ՝ լարված իրավիճակի առնչությամբ, Փաշինյանը պատասխանել է. «Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օ՛Բրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։ Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկյան գործընկերների հետ, որովհետև Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ»:

Պարբերականի հարցին՝ կարո՞ղ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցել, վարչապետը պատասխանել է. «Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու: Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է»:

Վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է հստակ դիրքորոշում և Գերմանիան պետք է «գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից, որոնք վարձվել են Սիրիայում»:

«Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Իսկ թե հնարավոր համարո՞ւմ է Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները, Նիկոլ Փաշինյանը նշել է.«Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով»: