Հեռավոր Նովոսիբիրսկից ուղիղ չվերթով Երևան՝ առաջնագիծ գնալու պարտաստակամությամբ։ «Պետք չի տնեցիք տենան, թողել եկել եմ»: Վլադիվոստոկից ժամանած տղամարդկանցից մեկը Ղարաբաղում պատերազմելու փորձ ունի, ասում է՝ եկել է իր գործը շարունակելու. - «Մինչև վերջ, մինչև պայքար, տղես է, գործ կար, պրծնի, էլի կուգա հետս անպայման»:
Իրկուտսկից ժամանողներ էլ կան. - «Տրակտորները թողել ենք, գալիս ենք, գնում կռիվ»:
Երևանից ավելի քան հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չիտայից ժամանած տղամարդկանցից մեկն ասաց՝ իրենց մոտ ոչ մի հայ այս ամենին անտաբեր չի կարող մնալ. - «Ամեն տարի ուրախ էինք գալիս, էս տարի մի քիչ էն չի, նպատակով ենք եկել»:
Երևանում էլ զինվորականների համար առաջին անհրաժեշտության պարագաներից զատ, նաև սնիկերս են հավաքում։ Աղջիկներն անգամ իրենց հեռախոսահամարն են գրում շոկոլադե բատոնների վրա ու Արցախ ուղարկում՝ զինվորականներին հորդորելով անպայման վերադառնալ, որ իրենք տանը չմնան։ Այս աշխատանքերը համակարգողներն ասում են՝ անում են ամեն ինչ զինվորներին ու արցախցիներին օգնելու համար. - «Էս ամեն ինչը գնում է ոչ միայն զինվորներին, նաև Արցախից եկած ժողովրդին, ովքեր հիմա Երևանում են ու ոչ միայն Երևանում, ունեցել ենք օրեր առաջ, որ Դիլիջան են տարվել ու այլ ռեգիոններ: Փորձում ենք ամեն ինչ անել, մեր լուման էլ ներդնել, անցորդներն էլ օգնում են, բոլորն էլ արձագանքում են, ու բավականին մեծ ապրանքներ են հավաքվում»:
Այսօր «Ազատության» հարցերին պատասխանած երևանաբնակներից գրեթե բոլորի հարազատը, ընկերը կամ էլ ծանոթն առաջնագծում է, մարդիկ հուզված են՝ խաղաղություն են ուզում. - «Չեմ կարող բառ ասել, հուզված, Աստված պահպանել մեր բանակին»:
«Մտածելու շատ բան ունենք, որովհետև մեր ջահելները, մեր երիտարդությունը գնում, զոհվում են, բայց հանուն մեր հայրենիքի: Ես էլ ունեմ կռված տղաներ, հիմա էլ պատրաստ են գնալու», - ասում է քաղաքացիներից մեկը:
Բոլոր հայ զինվորներն են իմ հարազատները, հավելում է մյուսը. - «Ես իմ կողմից ցանկանում եմ, որ մեր հայ զինվորներին ոչ մի զոհաբերություն, ոչ մի զոհ, որ աշխարհին խաղաղություն լինի, վերադառնան իրենց ծնողներին: Բա երեխեքը իմ հարազատը չե՞ն, ընկերոջս տղան է, հարևանիս տղան է, իմ տղերքը չնայած Ռուսաստանում են, նրանք էլ են ցանկանում, որ…, բայց իմ երեխեքը կամ ուրիշ երեխեքը ի՞նչ տարբերություն, մեր ազգն է, մեր արյունն է»:
Արցախ են մեկնել նաև Հայաստանում ապրող եզդիներ, նրանց ազգակիցներից մեկը ասաց՝ ինքն էլ պատրաստ է գնալ, թեև երկրորդ կարգի հաշմանդամ է. - «Աստված իրենց հետ, գնացին, մենք մի ազգ ենք, էստեղ ենք բնակվում, մենք միասին ենք պայքարել ու մինչև վերջ էլ պայքարելու ենք»:
Լիբանանահայերն էլ են պատրաստ ռազմաճակատ գնալ, ասում են մեկ ամիս առաջ Բեյրութից Հայաստան եկած հայերը, նրանք Աստծո օգնությանն են ապավինում. - «Շատ կնեղվինք, հուսանք` Աստված իր հրաշքներից մեկը կանի, և կվերջանա»:
Դեռևս անչափահաս տղաներից մեկն ամեն րոպե զանգի է սպասում, որ ինքն էլ գնա. - «Դուխս միլիոն ա, ազգի դուխը միլիոն ա»:
Քաղաքացիները հուսով են՝ ամեն բան լավ է ավարտվելու. - «Պետք է որ հաղթենք, անկեղծ: Ունենք հզոր բանակ, հզոր զինվորներ, սպայական խումբ, Աստված երկու ձեռքով իրենց պահապան լինի»: