Հայ իրավապաշտպանները միջազգային կառույցներից պահանջում են հավասարության նշան չդնել և հասցեական քննադատել

Իրավապաշտպանները կիսում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունները բռնապետության պատերազմ է ընդդեմ ժողովրդավարության։ «Ֆրանս 24»-ի հետ հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կցանկանար ինչ-որ բան ասել նաև Ադրբեջանի ժողովրդին, ովքեր նույնպես ունեն ապրելու կամք, Հայաստանի վարչապետն ասել էր.

«Ես միայն մի բան կարող եմ ասել Ադրբեջանի ժողովրդին. հարցրեք ինքներդ ձեզ, թե որքանով գիտեք ճշմարտությունը սեփական ժողովրդի, ձեր սեփական կառավարության, նրանց հարստության, նրանց ֆինանսական գործարքների և նպատակների մասին: Կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը պատանդ է բռնապետական կառավարության ձեռքին: Ալիևի բռնապետական իշխանության համար հայերը միշտ էլ եղել են հարմար թշնամու կերպար, որով նա փորձում է շրջանցել ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը մեկն է այն մոտ 200 անհատներից, որ միացել է միջազգային հանրությանն ուղղված բաց նամակին։ Բաց նամակի հասցեատերերն են անցած 28 տարիներին ղարաբաղյան հակամարտության բանակցությունները վարող ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

«Ցավոք սրտի, հավասարության նշան է դրվում, և մենք առիթ ենք ունեցել քաղհասարակությունով նաև հայտարարություն տարածել և նշել ենք, որ որևէ կերպ այս պարագայում հավասարության նշան դնել չի կարելի, և պետք է հստակ գնահատականներ տան կողմերին իրենց կատարած գործողություններին համաչափ և համարժեք: Եվ միջազգային կառույցների կոչերում, և տարբեր երկրների կոչերում {հավասարության նշան է դրվում}, եթե ուշադրություն դարձնեք, անգամ երբ նշվում է, որ տարածաշրջանում մասնակցում են ահաբեկիչներ, ահաբեկչական խմբեր, օրինակ` Ռուսաստանի հայտարարության մեջ այդպես էլ չի հասկացվում, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը գնում: Այնինչ, պետք է հստակ նշեն և հստակ գործողություններ իրականացնեն ահաբեկչության տարածումը և լեգիտիմացումը դադարեցնելու համար»:

Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներն ու անհատները միջազգային այս կազմակերպություններից պահանջում են խստորեն դատապարտել «Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ռեժիմի սանձազերծած ագրեսիան և օտարերկրյա զինյալների ներգրավումը»: Միևնույն ժամանակ կոչ են անում դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և ձեռնարկել գործողություններ և ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ։ Սա արդեն կյանքի իրավունքի խախտում է, երբ հրետակոծվում է խաղաղ Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր, ինչի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել։ Կարապետյանցը շեշտում է՝ Հայաստանը փաստացի պայքարում է ահաբեկչության դեմ։

Իրավապաշտպանը դիմում է միջազգային գործընկերներին. - «Հաջորդ զոհերը լինելու եք դուք, վաղը սա լինելու է ամբողջ աշխարհի խնդիրը, երբ դուք չեք դատապարտում, չդատապարտվեցին Թուրքիայի ահաբեկչական գործողությունները Լիբիայում, Սիրիայում և մնացած բոլոր տարածաշրջաններում, որովհետև ինքը թույլ տվեց իրեն ուղիղ իմաստով ահաբեկչական գործողություններ, ավելի լկտի, ավելի ցինիկ տարբերակով սա կիրառվում է հիմա Հայաստանում, վաղը այս խնդիրը թակելու է ձեր բոլորի դռները, հարգելի՛ միջազգային կառույցներ, երկրներ, մեր գործընկերներ, գուցե և ոչ գործընկերներ»:

Այն, որ հորից իշխանությունը ժառանգություն ստացած և արդեն 17 տարի պաշտոնավարող Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիևն այս ռազմական գործողություններով փորձում է սեփական ժողովրդից թաքցնել ներքին խնդիրները, ակներև է, կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ կիսելով վարչապետի տեսակետը։

«Ալիևն, իհարկե, պետք է մտածեր, ճանապարհներ մտմտար սեփական իշխանությունն ամրապնդելու և պահելու, և այդ ճանապարհներից լավագույնը և կարճը նրան կթվար, և թվում է նրան, պրիմիտիվ և պարզունակ նացիոնալիզմը, իսկ այդ պարզունակ նացիոնալիզմին սնելու համար պետք է փոքրիկ, թեկուզ փոքրիկ հաջողություն ղարաբաղյան ճակատում», - ասաց նա:

Ադրբեջանը զիջում է Հայաստանին ժողովրդավարության առումով, և դրանով իսկ բարդանում է հակամարտության խնդրի լուծումը, կարծում է Հարությունյանը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է, որ միջագային կառույցները հասցեական քննադատություն հնչեցնեն Ադրբեջանի նկատմամբ. - «Հայաստանյան 18 թվականի հեղափոխությունից առաջ մենք ունեինք ադրբեջանական որակի իշխանություն, իշխանություն, որը չէր վայելում ժողովրդի իշխանությունը, ապա այսօր մենք ունենք ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, իսկ Ադրբեջանում չկա այդ իշխանությունը»: