Թուրքիան «անհամոզիչ և ոչ անկեղծ» է որակում Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Թուրքիան «անհամոզիչ և ոչ անկեղծ» է որակում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչը։

«Հրադադարի հորդորները, որոնք հնչում են երկրներից, որ տարիներով չեն կարողանում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծումը, համոզիչ չեն և ոչ էլ անկեղծ», - այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Սա Անկարայի առաջին պաշտոնական արձագանքն է ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների՝ Դոնալդ Թրամփի, Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությանը։

Բաքուն մինչ այս պահը պաշտոնապես չի արձագանքել։

Պաշտոնական Երևանն այսօր հայտարարել է՝ Հայաստանը շարունակելու է վճռականորեն հակադարձել ագրեսիային, միաժամանակ պատրաստ է աշխատել հրադադարի վերականգնման ուղղությամբ։