Բժիշկներին հաջողվել է փրկել Մարտունիում հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը

Մարտունիի քաղաքապետարանի մոտ տեղակայված հայաստանցի օպերատորի մեքենան հրետակոծությունից հետո

Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Ֆրանսիական «Լա Մոնդի» թղթակից Ալան Կավալի վիրահատությունն ընթանում էր արդեն մի քանի ժամ:

Հիշեցնենք, որ այսօր Ալան Կավալը և նրա գործընկերը, ինչպես նաև հայաստանյան լրատվամիջոցների երկու ներկայացուցիչներ վնասվածքներ էին ստացել Մարտունիում ադրբեջանական բանակի հրետակոծության հետևանքով: Ալան Կավալի վիճակը գնահատվում էր ծանր:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստվում են ինքնաթիռ ուղարկել, որպեսզի ֆրանսիացի լրագրողին տեղափոխեն Ֆրանսիա անհրաժեշտ բուժօգնությունը ստանալու համար, թեև Ստեփանակերտի Հանրապետական բուժկենտրոնի աշխատակիցներն «Ազատությանն» ասել էին, որ կարծում են` դրա կարիքը չկա: