Թիրախավորվել է Մարտունու քաղաքապետարանը և հարակից տարածքը․ 24 news-ի օպերատոր

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում արդեն մի քանի ժամ է, ինչ շարունակվում է «Լա Մոնդի» թղթակից Ալան Կավալի վիրահատությունը: Հիշեցնենք, որ լրագրողների խումբը թիրախավորվել էր Արցախի Մարտունի քաղաքում, երբ այնտեղ էին նկարհանումների համար:

Մեր ունեցած տեղեկություններով` վիրավորվել են 4 հոգի` երկուսը` ֆրանսիացի լրագրող «Լա Մոնդ» պարբերականից, մեկը` 24news-ի թղթակիցը և մյուսը` «Արմենիա» ՀԸ օպերատորը: Մնացած երեքի վիճակը բարվոք է:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստվում են ինքնաթիռ ուղարկել, որպեսզի ֆրանսիացի լրագրողին տեղափոխեն Ֆրանսիա անհրաժեշտ բուժօգնությունը ստանալու համար, թեև Հանրապետական բուժկենտրոնի աշխատակիցներն ասացին, որ կարծում են` դրա կարիքը չկա:

Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ում բժշկական օգնություն է ստացել նաև 24news-ի թղթակից Սևակ Վարդումյանը, ով բեկորային վնասվածք է ստացել և անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: «Ազատությանը» նա փոխանցեց, որ պատրաստվում է մեկնել Երևան, կազդուրվել, այնուհետև կրկին վերադառնալ Արցախ:

24news-ի օպերատոր Արթուր Հարությունյանը ևս այսօր դեպքի վայրում էր, նա վնասվածք չի ստացել, սակայն տուժել է Մարտունիի քաղաքապետարանի մոտ կայանված նրա ավտոմեքենան, հետևի ապակին ամբողջապես կոտրված է, արյրան մեջ թաթախված է. - «Մենք Մարտունիի քաղաքապետարանում էինք, լրագրողական այց էր, սպասում էինք ` նկարահանման մեկնած խումբը վերադառնա, որպեսզի մենք գնանք նկարահանման: Իմ կարծիքով` «գրադ» չի եղել, որովհետև «գրադը» միանգամից մի քանի հատ իրար հետևից չի կարող կրակել, ես միանգամից 3-4 պայթյուն եմ լսել: Կոնկրետ տեսել եմ 3 արկ, մեկը հարվածել է իմ մեքենայի հետևին, դրանից ապակիներն են վնասվել: Մենք մեքենայի մեջ չէինք, մենք շենքի մեջ էինք: Մեկը խփել է ամենագնացի, քաղաքապետարանի հետնամասում գտնվող ամենագնացն ամբողջությամբ այրվել էր: Երրորդը ես տեսել եմ քաղաքապետարանի կողքից` մտել է հողի մեջ, ծառի տակ: Քաղաքապետարանի շենքն ասեմ, որ բավականին տուժել էր, ոչ մի պատուհան չկա, մենք այդ պահին ներսում էինք»:

Հարցին` թիրախավորվե՞լ է հենց շենքն ու հարակից տարածքները, նա պատասխանեց. - «Իմ կարծիքով` հա, հենց շենքը, բայց շենքից երևի մի 100-200 մետր հեռու, իմ կարծիքով, բնակելի շենքեր էին, դրանցից մեկի վրայից էլ էր ծուխ դուրս գալիս, ես հետո տեսա: Ոտքը կտրված երիտասարդին ու իմ լրագրողին մի ուղեկցողի հետ ես իջեցրել եմ հիվանդանոց, հետո վերադարձել եմ, որպեսզի տեսնեմ` եթե էլի կան վիրավորներ, էլի իջեցնեմ, այդ պահին վիրավորներ արդեն այդտեղ չկային»: