Արցախի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է՝ այսօր Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ: Վիրավորներից ոմանք լրագրողներ են, երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ՝ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը:
Ըստ օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի՝ ճշտված տեղեկություններով՝ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները «Գրադ» համակարգով:
Մարտունիում ֆրանսիացի լրագրողներից բացի, վիրավորում է ստացել նաև տեղական «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաև 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը: Վերջինս «Ազատությանը» փոխանցեց, որ վիրավորվել է Մարտունու քաղաքապետարանի շենքում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն իր հերթին հաղորդում է սեպտեմբերի 27-ին պատերազմական գործողությունների սկսվելուց հետո տուժած 12 քաղաքացիական անձանց մասին` առանց բացահայտելու ռազմական կորուստները: