Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել Ղարաբաղի հարցով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով զրուցում է Ֆրանսիաի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ իր ռուսաստանցի և ամերիկացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել է պարբերաբար տեղեկություններ փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին:

«Մենք պայմանավորվել ենք տեղեկատվություն փոխանակել և դրա հիման վրա անհրաժեշտ եզրակացություններ անել»,- Բրյուսելում ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու, հակամարտությունը բանակցությունների եղանակով՝ միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու համար:

«Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- հայտնել է Էմանյուել Մակրոնը: