Վարչապետ. Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց՝ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ», - այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ», - ընդծում է վարչապետը:

«Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, և Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության», - ասված է Հայաստանի ղեկավարի գրառման մեջ:

Հիշեցնենք, Ռուսաստանը երեկ կոչ արեց հակամարտության գոտուց անմիջապես դուրս հանել օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին, Իրանը հայտարարեց, թե թույլ չի տա, որ իր հյուսիսային սահմաններին ահաբեկչական խմբավորումներ գործեն:

Ավելի վաղ արևմտյան երեք հեղինակավոր լրատվականներ՝ Reuters-ը, The Guardian-ը և Times-ը, գրել էին, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում:

Նման պնդումներ անում են նաև պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը։

Բաքուն և Անկարան այդ հայտարարությունները հերքում են։