ԱՄՆ նախագահի խորհրդականը ղարաբաղյան հակամարտության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդականի հետ

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը, արխիվ

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը ղարաբաղյան հակամարտության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Սպիտակ տնից հայտնել են` «զրույցի ընթացքում Օ՛ Բրայանը ընդգծել է լարվածությանն անհապաղ վերջ դնելու և երկխոսությունը վերսկսելու կարևորությունը»: Սա ԱՄՆ նախագահի խորհրդականի երկրորդ արձագանքն է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին:

Ավելի վաղ Օ՛ Բրայանը հայտարարություն էր տարածել Թվիթերի իր էջում, ընդգծելով` այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել և վերադառնալ բանակցությունների: Բռնությունները պետք է դադարեցվեն», - գրել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Թուրքիայի նախագահական նստավայրը, անդրադառնալով Օ՛Բրայանի հետ հեռախոսազրույցին, հաղորդում է` Իբրահիմ Քալընը նշել է. - «Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ինչպես նաև ընդգծել, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից»:

Ավելի վաղ պատասխանելով լրագրողների հարցին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը ուշի ուշով հետևում է ստեղծված իրավիճակին: «Մենք այդ տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենք, ուստի կտեսնենք՝ արդյոք կարող ենք դադարեցնել բախումները», - նախօրեին Սպիտակ տանը հայտարարել էր Թրամփը։

Երեկ էլ խնդրին անդրադարձել էր պետքարտուղար Մայք Փոմփեոն` կոչ անելով կողմերին դադարեցնել «ռազմական գործողություններն ու աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ` շուտափույթ վերադառնալով առարկայական բանակցությունների»։