«Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին». ՊՆ խոսնակ

Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ», - գրել է նա:

Շուշան Ստեփանյանը նախ նշել է. «Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից»: