«Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին արդեն նվիրաբերվել է ավելի քան 10 միլիոն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան, արխիվ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքն արդեն մի քանի օր է խիստ ծանրաբեռնված է աննախադեպ թվով նվիրատվությունների արդյունքում: Աշխարհի գրեթե բոլոր ծայրերից միացել են «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին:

«10 վայրկյանը մեկ, 20 վայրկյանը մեկ մենք նվիրատվություն ենք ստանում նաև առցանց ռեժիմով: Միևնույն ժամանակ մեր գրասենյակները աշխարհի տարբեր երկրներում նույնպես նվիրատվություններ են ստանում: Մեծ է մարդկանց մասնակցությունը, ոգևորությունը Կալիֆորնիայում հատկապես, այնտեղ էլ Լոս Անջելեսի գրասենյակի զանգերը ուղղակի պայթում են: Հարյուրավոր մարդիկ ուղղակի գրասենյակի դիմաց գալիս են նվիրատվություններ անելու: Ֆրանսիայում երբ հայտարարվեց դրամահավաքի մասին, այնպիսի մարդիկ են մասնակցում այս դրամահավաքին, ովքեր երբեք չեն եղել մեր դոնորները: Ովքեր նույնիսկ մեր գրասենյակի տեղը չգիտեն աշխարհի տարբեր ծայրերում: Սա նշանակում է, որ բոլորը գիտակցում են, որ սա կյանքի և մահի կռիվ է, և բոլորի աջակցությունը` կամ ֆիզիկապես, կամ ֆինանսապես, շատ կարևոր է», - այսօր հայտարարեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նա չի կարողանում հստակ նշել նվիրատուների թիվը. վայրկյանների ընթացքում այդ թիվն աճում է. – «Ուղղակի Կենտրոնական բանկում չեն կարողանում օրվա մեջ հասցնել հաշվել, թե քանի նվիրատու կա, որովհետև մենք ամեն օր Կենտրոնական բանկից առնվազն մեկ անգամ ստանում ենք ամբողջ նվիրատվությունները: Մեր կայքում անընդհատ 200-300 հոգի մարդ կա»:

Այս պահին հավաքվել է ավելի քան 10 մլն դոլար: Սակայն այս թիվը ամեն պահի փոխվում է։

Արշամյանի խոսքով՝ գումարը կօգտագործվի ըստ անհրաժեշտության. – «Ուղղությունները բազմաթիվ կարող են լինել` սկսած առողջապահական խնդիրներից, ուտելիքից, մարդկանց տեղավորելուց մինչև մնացյալ ամենահիմնական հարցերը, որոնք անհրաժեշտ են պատերազմի ընթացքում: Վստահ եմ ուղղակի, որ համահայկական ներուժը կկարողանա դիմակայել սրան, և մեծ գումարներ ուղղակի մեզ կփոխանցեն, որպեսզի մենք էլ կարողանանք օգտակար լինել այս ճգնաժամային իրավիճակում»: