Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են. Արցախի ՊՆ

Արցախի Պաշտպանության բանակի հրետանավորը մարտի ժամանակ, 28-ը սեպտեմբերի, 2020թ.

«Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին». Շուշան Ստեփանյան

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են և այս պահին էլ շարունակվում են մարտական գործողությունները, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

«Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային անօդաչու թռչող սարքերից երկուսը Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում», - փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն էլ Ֆեյսբուքում գրել է. «Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին»։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը այսօր առավոտյան հաղորդել է, թե մինչ օրս «ոչնչացվել կամ վիրավորվել է հակառակորդի մինչև 2 հազար 300 կենդանի ուժ», հարյուրավոր միավորներ տանկ և զրահատեխնիկա, հրթիռահրետանային համակարգեր, տասնյակ հակաօդային պաշտպանության համակարգեր, 6 հրամանատարական և դիտարկման կետ, զինամթերքի 5 պահեստ և այլն:

Նշենք, որ Ադրբեջանը մինչ օրս չի բացահայտել սեփական ռազմական կորուստները, հաղորդում է միայն սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում 10 զոհվածների և շուրջ երեք տասնյակ վիրավորների մասին:

Հայկական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 30 մարդ վիրավորվել է հակառակորդի գործողությունների հետևանքով: Ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակչության և օբյեկտների թիրախավորման հետ կապված Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: