Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է` ռազմական գործողությունները պետք է ավարտվեն. ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան

Մեր դիրքորոշումը հստակ է` ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 27 -ին սկսված ռազմական գործողություններին` ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Կոպիրկին. Պաշտոնական բոլոր մեկնաբանությունները տրված են, Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ քայլեր էր կատարել կոնֆլիկտի դեէսկալացիայի ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է` ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, կողմերը պետք է վերադառնան բանակցային գործընթացին: Փոխզիջումի միջոցով խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Լրագրող- Բայց Դուք հավասարության նշան եք դնում ագրեսոր երկրի և պաշտպանվող Հայաստանի միջև, ինչո՞ւ:

Սերգեյ Կոպիրկին- Ես կրկնեմ` Ռուսաստանն իր առաջադրանքն է համարում այստեղ էսկալացիա թույլ չտալը և միջնորդ կարգավիճակում փորձում է պայմաններ ստեղծել, որ գտնվեն փոխշահավետ լուծումներ, և ինչը կարևոր է` խաղաղ լուծում: Հենց դա է մեր դիրքորոշումը: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ այլ երկրների հետ ամեն ինչ անում է, որ կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ:

Լրագրող- Կոնկրետ ի՞նչ քայլեր է անում այդ ուղղությամբ Ռուսաստանը:

Սերգեյ Կոպիրկին- Ռուսաստանն ակտիվ աշխատում է, կապի մեջ է բոլոր կողմերի հետ:

Կոպիրկինն այսօր փակ ձևաչափով հանդիպում էր Հայաստանի հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպման մասին պայմանավորվածությունը եղել է շատ ավելի վաղ, և պայմանավորված չէ վերջին դեպքերով, լրագրողներին տեղեկացրեց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ով դիմավորում էր դեսպանին։

Դեսպանից հետաքրքվեցինք նաև ՀԱՊԿ գործողությունների մասին, ասաց` իր կարծիքով՝ կազմակերպության քարտուղարի արձագանքը բավականին հստակ էր:

Լրագրող- ՀԱՊԿ-ը պատրաստվո՞ւմ է միջամտել, քանի որ գործողությունները տեղափոխվել են հայ-ադրբեջանական սահման:

Սերգեյ Կոպիրկին- ՀԱՊԿ-ի քարտուղարի հայտարարությունը` կրակը դադարեցնելու, հստակ ազդակով էր:

Լրագրող- Այո, բայց դա չի օգնում, գործողություններն արդեն երրորդ օրն է` շարունակվում են:

Սերգեյ Կոպիրկին- Ես կրկնում եմ` Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որ բանակցությունները վերսկսվեն:

ՀՀ-ն ՌԴ-ից չի կարող ակնկալել այնպիսի վարքագիծ, ինչպիսին Թուրքիան է ցուցաբերում Ադրբեջանին. Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասում է` Հայաստանը պետք է ապավինի բացառապես իր ուժերին, քանի որ Ռուսաստանից չի կարող ակնկալել այնպիսի վարքագիծ, ինչպիսին Թուրքիան է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ։

«Մենք տեսանք հուլիսյան մարտերից հետո, երբ Տավուշում Ադրբեջանը պարտություն կրեց, Թուրքիան գրեթե կլանեց Ադրբեջանը քաղաքական իմաստով` էլ ավելի թուլացնելով Ռուսաստանի քաղաքական ազդեցության միջոցները: Եվ այստեղ Ռուսաստանի համար մնացել է Ադրբեջանի հանդեպ միայն ռազմական ազդեցության հնարավորությունը, ռազմական սպառնալիքը կամ զգուշացումները, որին Մոսկվան չի գնում, ինչպես նշեցի, Ադրբեջանի հետ ուղիղ դիմակայության և թշնամանքի կարգավիճակում չհայտնվելու համար, և Թուրքիան արդեն բավականին հանդուգն կերպով օգտագործում է այս իրավիճակը` փորձելով Ռուսաստանին թելադրել իր պայմանները: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք առերևույթ հռետորաբանությամբ պահելով այդ հավասարակշռությունը` Մոսկվան գոնե իրական քաղաքականության ռեժիմում լիարժեք կկատարի Հայաստանի հանդեպ անվտանգային պարտավորություններ, առնվազն սպառազինության մատակարարման իմաստով», - շեշտեց Բադալյանը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարությամբ զգուշացրել էր, որ կողմերից որևէ մեկին ռազմական օգնության տրամադրումը էլ ավելի կթեժացնի լարվածությունը։ ՀՀ-ում ՌԴ դեսպանը սպառազինության մասին որևէ հարցի չպատասխանեց` հորդորելով այդ հարցերն ուղղել Պաշտպանության նախարարությանը։ Բադալյանը նկատում է` այս փուլում շատ կարևոր է, որ Ռուսաստանը չկանգնեցնի ռազմատեխնիկական ապահովածության իրական գործընթացը և չփորձի Թուրքիային հակազդելու իր կարողությունները թանկ գնով վաճառել Հայաստանին։