ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները. ՀՀ ՊՆ խոսնակ

Արցախի ՊԲ հրետանավորներ, արխիվ

Այսօր արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:

«Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական կողմը իր ռազմական կորուստները չի հրապարակում, սեպտեմբերի 27-ին մարտական լայնածավալ գործողությունների սկսվելուց ի վեր հաղորդում է միայն տուժած քաղաքացիական անձանց մասին: