Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին, փոխանցում են ԱԳՆ-ից:
Մնացականյանը նրանց հանգամանալից ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով «Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը»: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում է տարածաշրջանի ապակայունացման հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցության վերաբերյալ՝ ընդգծելով, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը: