Ռազմական բախումների հետևանքով հայկական կողմն ունի 58 զոհ

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդում է այսօր զոհված ևս 27 զինծառողի մասին, երեկ սկսված պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվն արդեն 58 է։

Հաղորդվում է, որ շուրջ 120 հոգի էլ վիրավոր է: Ամենաթեժ մարտերն այսօր ընթանում են Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններով. - «Նորից կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ուղղությունը և հարավային ուղղությունը: Այսօր առավոտյան մենք արդեն նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաև հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում` հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ», - ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Օրվա երկրորդ կեսին հայկական կողմը հաղորդեց, որ Արցախի հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանը նախաձեռնել էր տանկային գրոհ, որը, սակայն, հետ է մղվել, ինչի վերաբերյալ Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել։

«Եվ այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են ևս մոտավորապես 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, հետ են շպրտվել ելման դիրքեր, և այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթև մարտեր, այլ ուղղություններով մարտերը շարունակվում են», - նշեց Հովհաննիսյանը:

Գիշերվա մասին. այսօր առավոտյան հաղորդվեց, որ ողջ գիշեր մարտեր են ընթացել Արցախի սահմանի ամբողջ երկայնքով՝ հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ, հայկական կողմին հաջողվել է դիրքային բարելավումներ անել. - «Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել, հակառակորդը դրանով, բնականաբար, չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել»:

Շարունակվում են հրետակոծվել Արցախի տարբեր բնակավայրեր, մի խումբ լրագրողների մեքենա էլ հետապնդվել է անօդաչու թռչող սարքի կողմից։ «Մարտակերտի հարակից բնակավայրերում նաև կրակի տակ էին ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչները», - հայտնեց ՊՆ ներկայացուցիչը:

Այսօր բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը նրանց է ներկայացրել օպերատիվ-մարտավարական դրությունը, ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, ըստ որի «Հարությունյանը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է Պաշտպանության բանակի կողմից, և ստեղծվել է լավ հնարավորություն արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելու համար»։

Իր հերթին Արտգործնախարարությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով, վստեցնում է խոսնակ Աննա Նաղդալյանը: Տասնյակ երկրների ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցներում ներկայացվել է «տարածաշրջանում ստեղծված իրավիճակն Ադրբեջանի կիրառած ագրեսիայի հետևանքով»։ «Եվ այս առումով մենք այս պահի դրությամբ կարող եմ նշել, որ ունենք միջազգային հանրության միանշանակ, անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանում խաղաղության և կայունության անվտանգության խաթարմանն ուղղված ջանքերը», - շեշտեց ԱԳՆ խոսնակը:

Արտգործնախարարությունն այսօր ընդարձակ հայտարարությամբ նաև վստահեցրել է, որ «կան անհերքելի փաստեր առ այն, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ագրեսիան», ինչպես նաև նշել է, որ «Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ»: «Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ», - ասված է հայտարարությունում։

Նաղդալյանը վստահեցրեց, որ հայկական դիրքորոշումն ու գնահատականները հասցնում են բոլոր գործընկերներին. - «Դա ամբողջությամբ փոխանցվում է ամբողջ ծավալով մեր գործընկերներին»:

Ծրագրվո՞ւմ է արդյոք Արցախի անկախության ճանաչում, հարց ուղղվեց Արտգործնախարարության խոսնակին։ «Քննադատության եմ արժանանում, բայց դիվանագիտության մեջ մենք նախապես չենք ներկայացնում այն քայլերի մասին, որոնք մենք ձեռնարկելու ենք, ուստի այս առումով ես չեմ կարող որևէ այլ տեղեկատվություն տրամադրել», - պատասխանեց նա: