Դոնալդ Թրամփ. Տեսնենք՝ կարող ենք արդյոք դադարեցնել բախումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատասխանել է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող ռազմական բախումների մասին լրագրողի հարցին:

Նախագահ Թրամփը մասնավորապես ասել է. - «Մենք ուշադրությամբ հետևում ենք, ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք, թե կարող ենք արդյոք դադարեցնել [բախումները]»:

Երեկ ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտել է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ արել կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները:

«Միացյալ Նահանգները մտահոգված է լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդումներով, որոնց հետևանքով արձանագրվել են էական կորուստներ», - հայտարարել է Պետդեպարտամենտը` ցավակցություն հայտնելով զոհերի ու վիրավորների հարազատներին:

Պետդեպի խոսնակը նաև տեղեկացրել է, որ կիրակի օրը փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ` կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել, օգտագործել ուղիղ կապը` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, ինչպես նաև զերծ մնալ անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք է՛լ ավելի են սրում իրավիճակը տեղում:

Պետդեպարտամենտը հատուկ անդրադարձ է արել նաև երրորդ կողմերին, ընդգծելով` Միացյալ Նահանգները համոզված է, որ արտաքին ուժերի կողմից խնդրին մասնակցությունը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը: