Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը նույն սոցիալական ցանցում ներկայացրել էր ամփոփ տվյալներ Արցախից. - «Այս պահի դրությամբ հակառակորդը ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի և ՀՄՄ-ի, 27 ԱԹՍ-ի և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ»:
Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:
Արցախի պաշտպանության փոխնախարարը հայտնել է հայկական կողմից 16 զոհի և հարյուրից ավելի վիրավորի մասին:
Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հակառակորդը, ճշտված տեղեկություններով, ունի մոտ 200 մարդկային կորուստ: