Ըստ ՀՀ-ի ու Արցախի նախնական տվյալների` հայկական կողմն ունի16 զոհ, ադրբեջանականը` 200

Արխիվային լուսանկար

Նախնական տվյալներով հայկական կողմը ունի16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր, այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության փոխնախարար Արթուր Սարգսյանը: «Այս պահին դեռ ընթանում են թեժ մարտեր ամբողջ նշված ճակատներով: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: Ճշտված տվյալներով` Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները, կարողացել ենք խոցել 3 ուղղաթիռ, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Նախնական տվյալներով` ցավոք սրտի, Արցախի Հանրապետության զինված ուժերում նույնպես կան կորուստներ` 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ», - ասաց նա:

Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` հակառակորդը, ճշտված տեղեկություններով` ունի մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի, երկու տասնյակին մետ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ:

Մարտերը ըստ Ղարաբաղի պաշտպանության բանակի` սկսվել են առավոտայն ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային անօդաչու սարքեր, սկսել է հարձակումը շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել է նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը:

Ղարաբաղում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։ Շփման գծում ռազմական գործողությունների մասին դրանց մեկնարկից մոտ մեկ ժամ անց Հայաստանում տեղեկացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, կառավարությունը հավաքվեց՝ Հայաստանում ևս ռազմական դրություն ու մասնակի զորահավաք հայտարարելու։

Ադրբեջանական գործողությունների հետևանքով նաև քաղաքացիական բնակչության շրջանում կա երկու զոհ՝ տատ և թոռ, կան տասնյակ վիրավորներ, հայտարարում են Արցախից։

Հայկական կողմը, ըստ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի նաև 4 դիրք է կորցրել, դրանք, սակայն, կարող են հետ վերցվել, քաղաքացիական բնակչությունը որոշ շրջաններից տարհանվել է. - «Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի մի շարք տեղերում, Հադրութում, տարբեր տեղերում մարդկանց տարհանած է: Մեր կողմից 4 դիրքի կորուստ կա թեթևակի, բայց վերականգնման հնարավորություն էլ կա»:

Ադրբեջանը նախօրոք ծրագրել է գործողությունները, հայկական կողմն այդ մասին ունի ապացույցներ, այսօր ցերեկը մամուլի ասուլիսում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը կիրառում է գրեթե բոլոր զինատեսակները, բացառությամբ ամենամեծ տրամաչափերի, նաև ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր. - «Բացառությամբ 1-2 ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցներից, մնացած բոլոր միջոցները Ադրբեջանը կիրառել է: Ինչու չէ նաև կիրառել է բանակային օդուժը` ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլն»: Ֆեյսբուքյան էջում Հովհաննիսյանը հավելել է. «Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները: Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»:

Կկիրառի՞ արդյոք հայկական կողմը իր «ՍՈւ» տիպի կործանիչները: «Ըստ անհրաժեշտության, բոլոր այն զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնեն տվյալ մարտական իրավիճակում կիրառվելու, կկիրառվեն վստահաբար», - ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա` զգալի ավերածություններ կան Արցախի որոշ շրջաններում նաև Ստեփանակերտում, մանրամասները կներկայացնեն։ Բացի Արցախից, Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև հայ- ադրբեջանական սահմանին, մասնավորապես Վարդենիսի շրջանում. - «Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ ամբողջ երկայնքով է, և այսօր առավոտյան ադրբեջանական հրթիռահրետակոծության գործողությունների ժամանակ, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են Վարդենիսի ուղղությամբ հարվածներ Հայաստանի Հանրապետության տարածքին»:

Ինչ վերաբերում է Արտգործնախարարությանը, ապա ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ կապի մեջ են իրենց օտարերկրյա գործընկերների հետ և ներկայացնում են իրավիճակը. - «Նախարարը մշտական կապի մեջ է համանախագահների հետ, այդ կապը մշտական է, դա գրեթե ամենրոպեական, նույն ձևով նախարարը կապի մեջ է Ռուսաստանի արտգործնախարարի, Վրաստանի իր գործընկերոջ և մի շարք այլ գործընկերների հետ, որոնց պարբերաբար տրամադրում է տեղեկություն, թե ինչ իրադրություն է տեղի ունենում»: