ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ կասկածելի հեռախոսազանգերից, հաղորդագրություններից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ կասկածելի հեռախոսազանգերին, հաղորդագրություններին և հարցումներին արձագանքելուց: Հայտարարության մեջ ԱԱԾ-ն նաև հորդորով է դիմել «առանձին քաղաքական վերլուծաբաններին, ինչպես նաև սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասող անհատներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից»:

ԱԱ ծառայությունը զգուշացնում է, որ նման գործողությունները սպառնում են Հայաստանի անվտանգությանը, խուճապ ստեղծում հանրության շրջանում և ընկալվում որպես պետությունը թուլացնելու քողարկված նպատակ, ինչի համար սահմանված է քրեական պատասխանատվություն:

«Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում և այլ հրապարակային հարթակներում ակնհայտ կեղծ և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային անձեռնմխելիությունը կասկածի տակ դնող ապատեղեկատվության տարածումը չեզոքացնելու, նման տեղեկատվություն տարածող անձնաց հայտնաբերելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: