Առավոտյան նաև եղել են Վարդենիսի ուղղությամբ հարվածներ Հայաստանի տարածքին. Հովհաննիսյան

«Այս պահին կոնկրետ կորուստներ ամփոփիչ տվյալներով չենք կարող ներկայացնել», - լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտական գործողությունները այս պահին էլ ընթանում են, բավականին թեժ են, հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել, կրելով զգալի կորուստներ, հասցրել է հրթիռային և ավիացիոն հարվածներ Պաշտպանության բանակի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են», - ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ քանի որ մարտերն այս պահին ընթանում են, կոնկրետ կորուստներ ամփոփիչ տվյալներով չեն կարող ներկայացնել. «Բայց քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, որ կորուստներ ընդհանրապես չենք ունենա կամ չունենք մի քիչ ճիշտ չի լինի»:

«Զգալի ավերածություններ շենք-շինությունների կան Արցախի փոքր բնակավայրերերում, ինչպես նաև Ստեփանակերտում», - նաև նշեց նա:

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչն ընդգծեց, որ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ ամբողջ երկայնքով է, և «այսօր առավոտյան ադրբեջանական հրթիռահրետակոծության գործողությունների ժամանակ, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են Վարդենիսի ուղղությամբ հարվածներ Հայաստանի տարածքին, այլ տեղերում այս պահին այլ իրավիճակ չունենք»:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: