Կաթողիկոսն ընդհատում է այցն Իտալիա ու վերադառնում Հայաստան

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդհատում է այցն Իտալիա, որտեղ նախատեսված էր հանդիպում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ, և անհապաղ վերադառնում է Հայաստան։ Այս մասին նա հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Պատճառն Արցախում տեղի ունեցող իրադարձություններն են:

«Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։ Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների», - ասված է նրա հայտարարության մեջ:

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր` «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»: Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել է քաղաքացիական բնակչության շրջանում 2 զոհի և 2 վիրավորների մասին: