Անկարայի հանրապետական դատախազությունը Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 7 պատգամավորների, այդ թվում՝ հայազգի Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել։
Նախօրեին դատախազության որոշմամբ երկրի 7 նահանգներում կուսակցության 82 համակիրներ էին ձերբակալվել, որոնց թվում էին ԺԴԿ-ի Կարսի փոխքաղաքապետը, նախկին պատգամավորներ, քաղաքապետեր, ղեկավար խորհրդի անդամներ։ Ձերբակալումները կատարվել էին 2014 թվականի հոկտեմբերին Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին Թուրքիայի մի շարք քաղաքներում սկսված բողոքի ակցիաների առնչությամբ հետաքննության շրջանակներում: Անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի տակ հայտնված Մեջլիսի 7 պատգամավորներին ևս կապում են այս գործի հետ։
Դատախազության միջնորդությունը ուղարկվելու է նախագահական, ապա քննարկվելու է խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովում։ Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է խորհրդարանի լիագումար նիստը։