«Երեք ու կես ամիս անցել ա միջնորդությունից, դատարանում հարց է հնչեցվում` էս ընթացքում գոնե մի հատ տվյալ ունե՞ք, որ խոչընդոտել ա [Գագիկ Ծառուկյանը], փորձել ա խոչընդոտել: Ոչ, չկա: Եվ դրա մասին հայտարարվեց, որ չունեն: 3,5-4 ամիս չունենք… բայց հիմա պետք ա կալանավորենք, որ սրանից հետո չխոչընդոտի: Սա ուղղակի աբսուրդ ա: Եվ մենք դատարանում հիմնավորեցինք, որ սա քաղաքական բնույթ է… Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտարարություններ է անում, դրան հետևում են քրեական գործով քննիչների, դատախազների, դատավորների կողմից կոնկրետ արձագանքներ... Յուրաքանչյուրդ կհամոզվեիք, որ եթե կալանավորման որոշում լինի, ուրեմն սա քաղաքական հետապնդում ա և դրա շարունակությունն ա»:
Այսօր նիստը մեկնարկել էր առավոտյան, դատարանի մոտ բավականին բազմամարդ էր. տարածքում հավաքվել էին Ծառուկյանի աջակիցներն ու թիմակիցները: Նիստի մեկնարկին Ծառուկյանի պաշտպանները միջնորդեցին, որպեսզի դատավար Մնացական Մարտիրոսյանը ինքնաբացարկ հայտնի: Սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց, դատավորը ինքնաբացարկ չհայտնեց:
Օրվա ընթացքում այստեղ լարվածություն առաջացավ, երբ վիճաբանություն ապա ընդհարում եղավ ոստիկանների ու Ծառուկյանի աջակիցների միջև: Պատճառը, ըստ ոստիկանության, քաղաքացիների կողմից դիմակ չկրելն էր: Երկու քաղաքացի բերման ենթարկվեց:
Մինչ դատարանը մտնելն ընդդիմադիր ուժի առաջնորդը լրագրողների հարցերին պատասխանեց։ «Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը լավանա, հարց չկա», - այսպես արձագանքեց ԲՀԿ ղեկավարը շրջանառվող լուրերին, թե իրեն կալանավորելու են։
«Ամեն ինչ ցույց կտա, դատական պրոցեսը ցույց կտա», - ասաց նա:
ԲՀԿ առաջնորդը շարունակում է համարել, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում. - «Հայաստան պետությունում, անկախ պետությունում 2008 թվականից մինչև այսօր ընտրակաշառքով 7 դեպք է եղել, որից 7-ին ամենամեծ, հիմնական որոշումը եղել է ստորագրությունը հանձնելը, բայց էսօր Ծառուկյանին, ուզում էին երկրորդ քաղաքական ուժին ձերբակալել միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտեմ: Ժողովուրդ, 3 ամիս դուրսն եմ, 100 հատ քննիչ է կցած, քանի հազար մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա, Ծառուկյանին միայն ուզում են ձերբակալել, որ քննությանը չխոչընդոտեմ»: