Անկարայի հանրապետական դատախազության հրամանով երկրի 7 նահանգներում 82 հոգի է ձերբակալվել, որոնց մեծ մասը ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերից են:
Ձերբակալվածների թվում են ԺԴԿ-ից Կարսի փոխքաղաքապետ ընտրված Այհան Բիլգենը, մի շարք նախկին պատգամավորներ, քաղաքապետեր, կուսակցության ղեկավար խորհրդի անդամներ ու ակտիվիստներ:
Ձերբակալումները կատարվել են 2014 թվականի հոկտեմբերին Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին Թուրքիայի մի շարք քաղաքներում սկսված բողոքի ակցիաների առնչությամբ հետաքննության շրջանակներում:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ 2014-ի դեպքերից 6 տարի անց սկսված ձերբակալությունների ալիքը իշխանության կողմից ընդդիմադիր ձայները լռեցնելու փորձ է, իսկ իրենց համակիրներին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Քաղաքական մյուս ուժերից ևս քննադատություն է հնչել իշխանության գործողությունների հասցեին: