Հյուսիսային Կորեան ափսոսանք է հայտնել Հարավային Կորեայի մի պաշտոնյայի սպանության համար:
Պաշտոնյայի անունը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նա աշխատել է ձկնորսական ընկերությունում: Նա անցած շաբաթ անհետացել է ծովում, Հարավային Կորեայի փրկարարական ծառայությունները նավերով և ինքնաթիռներով որոնողական գործողություն են սկսել, սակայն ապարդյուն:
Հետագայում պարզվել է, որ հյուսիսկորեական սահմանապահ ծառայության զինվորները նավակով մոտեցել են փրկարարական օղակով տղամարդուն և 40-50 մետր տարածությունից նրան գնդակահարել են, ապա դիակի վրա բենզին են լցրել և այրել:
Կոմունիստական երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը հատուկ ուղերձով դիմել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Իին: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի անվտանգության խորհրդի քարտուղար Սու Հուն:
«Ընկեր Կիմ Չեն Ընը խորն ափսոսանք է հայտնել այս տհաճ, անսպասելի և դժբախտ միջադեպի կապակցությամբ»,- ասել է Հյուսիսային Կորեայի անվտանգության խորհրդի քարտուղար Սու Հուն:
Հյուսիսային Կորեան զինվորականների գործողությունները բացատրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով: Փհենյանը պնդում է, թե զինվորները գործել են համաձայն հաստատված կանոնակարգի, ընդ որում, իբր հրկիզել են ոչ թե դիակն, այլ փրկարարական օղակը, քանի որ գնդակահարվածի դին խորտակվել է:
Հարավային Կորեան պնդում է, որ հյուսիսկորեացի առափնյա պաշտպանության զինծառայողները հենց դին են հրկիզել: