Սմբատ Գոգյանն ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից։

Հիշեցնենք, դեռ այս տարվա մայիսի 14-ին Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Նշանակումից մոտ երկու տարի անց ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հեռանալու իր որոշումը Սմբատ Գոգյանը բացատրում էր մի քանի խնդիրներով։ 37-ամյա մաթեմատիկոսը նշել է, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։

Հայաստանում լայն տարածում ունեցող ակադեմիական գրագողության դեմ պայքար սկսած Գոգյանը, «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ոլորտում ավելի հստակ քայլեր կատարելու, համակարգում բարեփոխում իրականացնելու համար անհրաժեշտ էին օրենսդրական լիազորող նորմեր, որոնք ստանալ, ըստ Գոգյանի, այդպես էլ չկարողացավ։ Անցած տարի Գոգյանի ղեկավարած ԲՈԿ-ը եզրակացրել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճություն էր ցուցաբերել։ Հայրապետյանը, որին մեղադրում են դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ, անցած տարի թողել էր պաշտոնը։

Սմբատ Գոգյանը պնդում է, որ Հայրապետյանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։

«Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է իմ և իր միջև», - նշում է Գոգյանը։