ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Ալեքսանյանը պահանջում է անվավեր ճանաչել քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը, որով նա չէր օրինականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ալեքսանյանի սեփականությունը ու դրա քանդման հանձնարարություն էր տվել։
Խոսքը Շրջանային փողոցի 102/4 հասցեի հետնամասում գտնվող կառուցված շենք-շինությունների մասին է։ Քաղաքապետարանից ասում են՝ դրանք տարիներ առաջ կառուցվել են պետությանը պատկանող հողատարածքի վրա։
«Դրանք վերաբերում են այն շենք-շինություններին, որոնք ինքնակամ կառուցվել են պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա, որոնք նաև համարվում են անտառային հողեր», - ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը:
Պաշտոնյան հայտնեց՝ քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում Սամվել Ալեքսանյանը հրավիրվել է լսումների իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Նրա փոխարեն, սակայն, փաստաբանն է ներկայացել ու հայտնել՝ շենք-շինությունները կառուցվել են դեռևս 2005 թվականին, երբ Երևանի քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր. իրենք դիմելու են Երևանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով:
Մինչդեռ Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալն ասում է՝ Ալեքսանյանը շենք-շինություններն օրինականացնելու դիմում չի ներկայացրել։ Պաշտոնյան պարզաբանում է՝ այնուամենայնիվ դրանք օրինականացման ենթակա չեն։
«Եթե անգամ ներկայացնեին, չէր կարող քննարկվել, որովհետև մեր կողմից մատնանշված հողամասերը օտարման ենթակա չեն, մենք որոշման մեջ նաև այն իրավական նորմերն ենք վկայակոչել, որով այդ ամեն ինչը կարգավորվում է», - նշեց Խոջոյանը:
Թե ինչո՞ւ է պետությանը պատկանող տարածքում կառուցել իր առանձնատունն ու այլ շինություններ, Ալեքսանյանից ու նրա ներկայացուցչից այսօր չհաջողվեց պարզել. Ալեքսանյանի հեռախոսահամարի զանգերին նրա օգնական ներկայացող անձն էր պատասխանում, պատճառաբանելով, թե Ալեքսանյանը տեղում չէ, իսկ Ալեքսանյանի փաստաբանը մեր զանգերն անպատասխան թողեց։
Քաղաքապետի համապատասխան որոշումից տեղեկանում ենք, որ Ալեքսանյանին առաջարկվել է ապօրինի շենք-շինությունները քանդել և պետական հողատարածքը լքել, սակայն գործարարը ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել: Հիմա Ալեքսանյանին պատկանող սեփականությունը քաղաքապետարանը չի կարող քանդել, քանի որ հարցն արդեն դատարան է հասել։