Այսօր մեկնարկում է «Արմենիա»  միջազգային երաժշտական փառատոնը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, արխիվ

Այս երեկո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Արմենիա»  միջազգային երաժշտական փառատոնի  բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (նախագահ Կոնստատին Իշխանով) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Այս փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, և այս ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել մի շարք հայտնի երաժիշտներ:

Այս տարին ևս բացառություն չէ. սեպտեմբերի 24-28-ը փառատոնի շրջանակներում տեղի կունենա 5 համերգ, մեր երաժշտասերները հնարավորություն կունենան կրկին ունկնդրել արտերկրից ժամանած անվանի երաժիշտ-կատարողների, իսկ համերգները կղեկավարեն անվանի դիրիժորներ Դմիտրի Յաբլոնսկին և Մարիուս Ստրավինսկին:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց. – «Ամեն տարի հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները: Այս մենակատարների համերգներին հաճախելը աշխարհի նույնիսկ շատ հեղինակավոր դահլիճներում ոչ բոլոր երաժշտասերներին է հասանելի. այն, ինչը որ հնարավոր է դառնում այստեղ:

Հարցին, թե ինչպես հաջողվեց հասնել նրան, որ այդ երաժիշտները համավարակի պայմաններում գան Հայաստան, Բալբաբյանն արձագանքեց. – «Որոշակի փոփոխությունների շնորհիվ, որոնք եղան կապված նվագախմբերի գործունեության մեջ, կապված արտակարգ դրության վերացման և կարանտինի ռեժիմի սահմանման հետ, մենք հնարավորություն ունեցանք մենք հնարավորություն ունեցանք դրսից մենակատարներ հրավիրել: Արդյունքում մենք կունենանք հինգ համերգ, համերգներին կլինի նաև ունկնդիր` պահպանելով բոլոր այն կանոններն ու չափորոշիչները, որոնք նախատեսված են մշակութային միջոցառումներ իրականացնելու համար: Պետք է նշեմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը թույլ է տալիս այդ հնարավորությունները` պահպանել սոցիալական հեռավորություն և միաժամանակ հնարավոր դարձնել ունկնդրել երաժշտություն, դասական երաժշտության համերգներ»:

Տնօրենը խոսեց նաև նվագախմբի հյուրախաղերի մասին. – «Այս տարի մինչև տարեվերջ ունեինք երկու հյուրախաղեր, որոնք նախատեսում էին, սակայն դրանք հետաձգվեցին մյուս տարի աշնանը: Իսկ 2021-ին նույնպես ունենք 3-4 հյուրախաղեր, որոնք այս պահի դրությամբ դեռ հաստատված են, չեղարկման մասին դեռ լուրեր չունենք: Հուսանք, որ մինչև տարեվերջ կկարողանանք ավելի բարվոք ցուցանիշներ ունենալ կապված համավարակի հետ ամբողջ աշխարհում, և մեր նախանշած համերգները և հյուրախաղերը, որոնց բավական երկար ենք պատրաստվել, չեն հետաձգվի, տեղի կունենան, և կարողանանք մեր կատարողական արվեստը, նաև հայ կոմպոզիտորների մեծակտավ ստեղծագործությունները ներկայացնել արտերկրում»: