Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քննել է Արթուր Ղազինյանի մեկ այլ բողոք, պարզաբանում է ՀՔԾ-ն

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), անդրադառնալով «Փաստ» օրաթերթի` «Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրեական գործ` պաշտոնեական կեղծիքով» վերտառությամբ հրապարակմանը, հաղորդում է, որ սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտը որևէ առնչություն չունի «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի այն դիմումի հետ, որը կառավարության անդամների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում չարաշահումներ կատարելու մասին է։

Ղազինյանը ՀՔԾ-ին էր դիմել՝ խնդրելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կորոնավիրուսի տարածման սկզբում հանրահավաքներ անցկացնելու համար։ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել, և այս բողոքը հիմա քննում է մեկ այլ դատավոր։

«Ազատության» հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ն հայտնում է, որ իրականում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քննել է Արթուր Ղազինյանի մեկ այլ բողոք։ Դրանում Ղազինյանը պահանջել էր դատարանին ընթացք տալ իր այն դիմումին, որով Ղազինյանը կասկածի տակ է դրել կառավարության կողմից պանդեմիա հայտարարելու օրվա հետ կապված տեղեկությունը։

ՀՔԾ-ն հայտնում է, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ՀՔԾ-ին ընդամենը պարտավորեցրել է նյութեր նախապատրաստել` քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար: Այսինքն` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշումը վերաբերում է դիմումը քննարկելու ընթացակարգին և նշված որոշումը Արթուր Ղազինյանի հայտարարության կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմք չէ, փոխանցում է ՀՔԾ-ն: