Ծառուկյանի պաշտպանները հայտնում են՝ դատական նիստի տեղի և ժամանակի վերաբերյալ պատշաճ ձևով ծանուցված չեն եղել

ԲՀԿ ղեկավար Գագաիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը հայտնում է, որ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստի տեղի և ժամանակի վերաբերյալ պատշաճ ձևով ծանուցված չեն եղել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երեկ, ժամը 11։00-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, որը սակայն հետաձգվել է դատական նիստին Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։

«Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին: Ընդգծենք, որ Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։ Չնայած որ նույն օրը ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, թե իբրև Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները ծանուցված են եղել դատական նիստի տեղի և ժամանակի վերաբերյալ, սակայն պետք է ընդգծել, որ նշված հաղորդագրութամբ ԲԴԽ-ն իրավացիորեն խուսափել է այդ ենթադրյալ ծանուցումները որպես պատշաճ գնահատելուց», - նշված է հաղորդագրությունում։

Ծառուկյանի պաշտպանական թիմը նաև նշել է՝ զանգվածային լրատվության միջոցներից տեղեկացել են, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, և նշված օրը կներկայանան դատարան:

ԲՀԿ առաջնորդին կալանավորելու համար Ազգային անվտանգության ծառայությունն էր միջնորդել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այդ միջնորդությունը մերժվել էր։ Դրանից հետո Դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։ Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը կրկին թողել էր առաջին ատյանի դատարանին:

Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում։